«Եվ այս է այն պատգամը, որը լսեցինք Նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստված լույս է, եւ Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա» (Ա Հովհ. 1; 5):
Աստված, ըստ էության, անիմանալի է մարդու համար, սակայն, այնուամենայնիվ, ադամորդին կարող է որոշ գիտելիք ունենալ Աստծո մասին` այն չափով, որքան Աստված կամենա, եւ եթե մարդը բավարարի որոշակի պայմանների:
Աստված անմատույց լույսի մեջ է բնակվում, անմատչելի Խորանում, Սրբություն Սրբոցում, Վարագույրից այն կողմ: Անմատչելի, անիմանալի, անհասանելի այդ վայրն Աստծո տուն է կոչվում: Եղականներից, ստեղծված արարածներից ոչ ոք այնտեղ չի գտնվում. միայն Սուրբ Երրորդությունը` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին են գտնվում այնտեղ: Անժամանակ, ի հավիտենից և մշտնջենավոր է այս տունը, անփոփոխելի է այս տան սրբությունը: Այն կար, կա և լինելու է հավիտյան: Մահկանացու ադամորդին այդ տան մասին միայն կարող է իմանալ ու լուսավորվել այնտեղից շողացող լույսով:
«Աստված լույս է»,-ասում է սբ. Հովհաննես Ավետարանիչը` Տիրոջ սիրելի աշակերտը: Նա այսպես է ասում, որովհետև իր սրտի մաքրության շնորհիվ տեսնում էր Աստծո փառքն ու հասել էր իսկական աստվածաճանաչողության: Ավետարանիչը նկարագրում է ոչ թե Աստվածային էությունը, այլ, ցանկանալով ցույց տալ Աստծո փառավորությունը, այն, ինչը վեհագույնն ու լավագույնն է նկատում մարդկանց մեջ, հատկանշում է Աստվածության հանար: Հիմնական հասկացությունը, որ ընդգծվում է Աստծուն Լույս անվանելով, դա բարոյական կատարելության գաղափարն է: Ինչպես տեսանելի աշխարհում լույսը գերագույն և բարերար օգտակարության տարերք է, որ լուսավորում, տաքացնում, կենսագործում է ամեն բան, այնպես էլ Աստծո մեջ եղած Լույսը Նրա բոլոր կատարելությունների ու առաքինությունների հանրագումարն ու ամբողջությունն է հանդիսանում. սրբության, ամենիմաստության, ամենատեսության, շնորհի և այլն:
Աստված, լինելով իսկությամբ Լույս, իրական լույս է դառնում նրանց մեջ, ովքեր քայլում են Նրանում առաքինությունների միջոցով: Սրբերը, տեսնելով ու ճանաչելով այդ Լույսը, իրենք էլ հաղորդություն և միասնություն ունեն այդ Լույսի հետ, որ արտահայտվում է նրանց գործերի ու վարքի մեջ` դառնալով կյանք ու իրականություն: Նրանք այդպես էին վարվում, որովհետև տեսնում էին Աստծուն: Աստծո Արքայություն մտնել նրանց համար նշանակում էր նաև տեսնել Աստծուն հոգևոր տեսողությամբ, սրտի իմանալի աչքերով: Նրանք աշխարհին էլ էին նայում անմեղ, սիրով ու հույսով լի, անկեղծ, պարզ ու վճիտ աչքերով, որ լի էին Աստծո Լույսով:
Լույսը խորհրդանիշն է Աստծո և Նրանից ճառագող շնորհի, որով լցվում է հավատացյալի հոգին, իսկ խավարը սատանայի և ամենայն չարիքի, անհավատության և մեղքի, Աստծուն չճանաչելու և աշխարհից հաղթվելու նշանակն է: «Նա, ով մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. 8: 34), ուստի չի կարող նշմարել փրկաբեր լույսն ու գնալ դեպի այն. այդպիսի մեկի միտքը մթագնած է մեղքերով: Երբ մարդու մտքի աչքերը կուրանում են, երբ հոգու լույսը հանգչում է, ապա խավարի իշխանն է դառնում տիրակալը մարդու ներաշխարհի: Մեղքը հեռացնում է մարդուն աստվածային կենարար լույսից, որպեսզի լույսը չբացահայտի կեղծիքն ու անօրենությունը: Խավարի մեջ հայտնվելով` մարդը դառնում է մեղսասեր և մերժում է լույսը: Իսկ այդ լույսն այն աստվածային զորությունն ու սրբությունն է, որ թույլ չի տալիս մարդ արարածին վերջնականապես մոլորվել ու կործանվել խավարի իշխանության, մեղքի ու պղծության ծառայության մեջ: Այդ լույսն անշիջելի է:
Աստված լույս է: Նա սկիզբն ու աղբյուրն է ամենայն լույսի` իմանալի և զգալի, ողջ բարիքի, ամբողջ արդարության ու անմահության: Նա հանդիսանում է ամենաճշմարիտը, ամենաբարին, ամենաարդարը, ամենաանմահը և ոչ մի պարագայում չի կարող լինել սկիզբն ու աղբյուրը չարության, մեղքի ու ստի: Խավարը սկսվում է մեղքից, իսկ մեղքը` սատանայից, որ հանդիսանում է կատարյալ խավար: Սատանան, որ կոչվում է հակառակորդ, հակադրվում է Աստծուն այնպես, ինչպես խավարը` լույսին ու զորությանը, մեղքը` սրբությանն ու առաքինությանը, չարիքը` բարուն եւ արդարությանը: Միակ պատճառը, որով մարդիկ չեն կարողանում տեսնել այս աշխարհի իմաստն ու կյանքի իրական նպատակը, այն է, որ սատանան իր խավարով պղտորում է նրանց տեսողությունը, հեռացնում լույսից ու ճշմարտությունից: Միայն Աստծո Լույսով մենք կարող ենք տեսնել ճշմարտությունն ու ապրել դրանով: Երբ ոչինչ չենք տեսնում, երբ ամեն բան խառնվում է, երբ մեր շուրջը խավար է տիրում, մենք պետք է սկսենք փնտրել Աստծուն: Եվ Աստված կերևա մեզ լույսի տեսքով. դա կլինի ամենագեղեցիկ ու կատարյալ Լույսը: Այդ Լույսն արագահաս է, կենարար, ստեղծարար, կարևոր և անհրաժեշտ: Այն ամենուր է: Բայց եթե մենք չենք կրում այն մեր ներսում, չունենք դրա աղբյուրը մեր մեջ, չենք կարող ներդաշնակվել կյանքին, չենք կարող երկխոսել Աստծո հետ և տեսնել Նրան: Աստծո կողմից մեզ տրված լույսը չպետք է ամփոփված մնա միայն մեր մեջ. այն պետք է ճառագի մեր միջից ու ողողի ողջ մեր շրջապատը: Ինչպես մի տեղ հավաքված ջուրն է ճահճանում ու հոտում, այնպես էլ Աստծուց մեզ տրված լույսն է աստիճանաբար խամրում և արդյունքում հանգչում, եթե մնում է միայն մեր մեջ: Ե՞րբ է սկսում մեզնից լույս ճառագել. երբ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր շնորհներն ու հնարավորությունները և ապրում ենք մեր կյանքն Աստծո հետ երկխոսելով: Աստված ամենայն բարիքի աղբյուր է. մենք էլ պարտավոր ենք ձգտել դեպի բարին: Ամեն անգամ, երբ ընտրում ենք բարին, ընտրում ենք սովորեցնելը` ծաղրելու և վիրավորելու փոխարեն, ընտրում ենք ներելը` վրեժխնդրության փոխարեն, ընտրում ենք սիրելը` դատապարտելու փոխարեն, ընտրում ենք ապրեցնելը` սպանելու փոխարեն, ընտրում ենք ճշմարտությունը` կեղծիքի փոխարեն, ընտրում ենք լույսը` խավարի փոխարեն, մենք շատացնում ենք լույսը մեր մեջ և սկսում ենք ճառագել այն:
Կատարյալ երջանկություն է զգում այն մարդը, ով լույսը բազմապատկում է իր մեջ ու նաև իր շուրջը: Լույսը կարելի է շատացնել բարի խոսքով, գործողությամբ, արարումով, օգնության ձեռքով, անշահախնդիր բարեգործությամբ: Այսպես է կատարվում իրական համագործակցությունն ու հաղորդությունն Աստծո հետ: Այսպես է մարդը ճանաչում Աստծուն ու ինքն իրեն: Աստվածային Լույսի հետ միավորված մեր բնությունը դառնում է անորսալի բանսարկուի համար և զերծ է մնում աշխարհի բոլոր գայթակղություններից ու խավարի որոգայթներից: Այսպիսով, երբ մենք ընդունվում ենք Աստծո հաղորդության մեջ, որ է իրական Լույսը (իսկ այդ Լույսի մեջ խավար չկա, բոլորովին չկա), ապա և մենք պարտավոր ենք, իբրև Լույսի հետևորդներ, չընդունել մեր մեջ խավարը, որպեսզի չկրենք պատիժը ստի և կեղծիքի համար ու չզրկվենք Լույսի հետ հաղորդությունից: Մենք պարտավոր ենք անհաղթահարելի դառձնել ինքներս մեզ մեղքի համար` պահելով հաղորդությունը Լույսի հետ: Մերժելով խավարը՝ մենք վերահաստատում ենք մեր միությունն ու հաղորդությունը Լույսի հետ:
Այսօր, այս խաբկանքներով ու անորոշությամբ լցված դարում, երբ տարբեր հովեր ու հոսանքներ փորձում են մարդուն հեռացնել իր աստվածատուր պատկերից, բաժանել լույսի խորաններից ու ընտելացնել մեղքի և պղծության հանգրվաններին, մենք առավել ևս պարտավոր ենք մշտապես փափագել ու ձգտել հասնել այդ Լույսին և երբեք չբաժանվել դրանից: Ջանանք մեր գործերով համապատասխան լինել այդ Լույսի խորհրդին, մաքուր խղճմտանք, սուրբ մտքեր, արդար ձգտումներ ունենանք, որպեսզի չամաչենք մոտենալ այդ Լույսին, ճառագենք այդ Լույսը մեր շրջապատում ու հարատևենք այդ Լույսի հետ հաղորդության մեջ: Միշտ բաց պահենք մեր հոգիների աչքերը` դրանք հառելով մեր Ճշմարիտ Լույս Քրիստոսին, ՈՒմ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ:
Տեր Պարգև քահանա Զեյնալյան
Սիսիանի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ